Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

ԱԺ նախկին խոսնակի, հրաժարականի ու «դեղնակտուցների» մասին

ԱԺ նախկին խոսնակի, հրաժարականի ու «դեղնակտուցների» մասին
23.09.2008 | 00:00

ԲԼԻՑՆԵՐ
«ԵՐԵՎԻ ՄԱՐԴԸ ՀՈԳՆԵԼ Է, ՉԻ ԿԱՐՈՂ ԱՇԽԱՏԵԼ»

ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)
-Որպես ՀՀԿ-ի «հնաբնակ»՝ կուսակցությունից Տիգրան Թորոսյանի դուրս գալու քայլն ինչպե՞ս եք գնահատում։
-Դրական։ Երևի մարդը հոգնել է, չի կարող աշխատել։
-Միայն հոգնածությո՞ւնն էր պատճառը։
-Կարծում եմ՝ դա էլ։ Երկրորդն էլ՝ չգիտեմ ով կլինի ԱԺ նախագահ, բայց պետք է ԱԺ-ի մակարդակը որոշակի բարձրացնի։
-Չգիտե՞ք։
-Ինչքան էլ ուզում ես իմացիր, պետք է նրան ընտրեն։ Երբևիցե չի եղել, որ Տիգրան Թորոսյանը հարցնի՝ ինչո՞վ կարող եմ օգնել։
-Ո՞Ւմ հարցներ։
-Յուրաքանչյուր պատգամավորի, թեկուզև ինձ՝ իր հին ընկերոջը, որը կուսակցության զինվորներից, հներից մեկն է եղել։ Մի օր չհարցրեց՝ ինչո՞վ կարող եմ պետք լինել։
-Ի՞նչ իմաստով «պետք լինել»։
-Յուրաքանչյուր առումով, այդ թվում՝ մարդկային։ Ծնունդ, կնունք է եղել, մի անգամ չհրավիրեց։ Ազգային ժողովի պատգամավորների հետ դեպքեր եղան, չմիջամտեց, ոչ մի բան չարեց։ Նա, իրոք, պետք է հրաժարական տար, քանի որ զգացել էր, որ այլևս չէր կարող։ Միայն օրենքը լավ իմանալով կամ խոսելով չէ։
-Իսկ Հովիկ Աբրահամյանը կպաշտպանե՞ր այդ պատգամավորներին։
-Հովիկ Աբրահամյանը երկու անգամ մեր կուսակցության շտաբի պետ է եղել, և չի եղել մի դեպք, երբ որևէ պատգամավոր դիմի նրան, ու նա, օրենքի շրջանակներում, չընդառաջի։ Դրա համար էլ ասում եմ, որ Տիգրանը հոգնել է, գնում է, իսկ մենք չենք ուզում խանգարել։
«ԱՍՈՒԼԻՍՈՒՄ ԵՍ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ԱՐԵԼ»
ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ (ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր)
-Նախորդ շաբաթ Ձեր ասուլիսում Հովիկ Աբրահամյանին, Ռոբեսպիերին, Դը Գոլին, Միտերանին, Դանտոնին միևնույն հարթության մեջ էիք դիտարկել։ Հիմա՞ էլ եք նույն համոզմունքին։
-Ասուլիսում ես համեմատություն չեմ արել։ Պարզապես ասել էի, որ նույնիսկ նման հռչակավոր գործիչների հանդեպ հասարակությունն ունեցել է վերապահումներ։ Համեմատություն ընդհանրապես չի եղել։
-Այսինքն, այնուամենայնիվ, Աբրահամյանի նկատմամբ հայ հասարակությունը վերապահումներ ունի։
-Ցանկացած հասարակություն ցանկացած գործչի նկատմամբ ունի վերապահումներ։ Եթե այդպես չլիներ, ապա բոլոր ընտրությունները կանցնեին 100%-ով։ Այն երկրները, որտեղ չկա բազմակարծություն, ժողովրդավարական չեն։ Իհարկե, կան բացառություններ, բայց դա քաղաքական ոլորտից չէ։
-Թորոսյանը 30 արծաթ վերցնողների մասին խոսեց, ըստ Ձեզ, ո՞ւմ նկատի ուներ։
-Ես չգիտեմ։ Հարցն ուղղեք Տիգրան Թորոսյանին։
«ԴԺՎԱՐ Է ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ՈՐ ԿԲԵՐԵՆ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ, ՈՐԸ ԿՈՉՎԱԾ Է ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ»
ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ (ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ)
-Ավելի վաղ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ եթե ԱԺ նախագահին փոխելու ՀՀԿ-ի որոշումը պաշտոնապես ԱԺ-ի օրակարգային հարց դառնա, ապա Դուք խորհրդարանի մեծամասնությունից կպահանջեք ներկայացնել այդ որոշման դրդապատճառները, հիմնավորումները։ Պահանջելո՞ւ եք։
-Մենք մամուլով մի քանի անգամ արդեն դիմել ենք նրանց։ Եթե երկրում այդպիսի կարևոր փոփոխություն է նախատեսվում, ապա պետք է հասարակությանը ներկայացվեն փաստարկներ, թե ինչու էր դա անհրաժեշտ։ Մեզ վերջիններս հետաքրքիր փաստարկ են օրինակ բերել, թե անգամ Թոնի Բլերին են փոխել։
-Ո՞Ւմ եք հատկապես դիմել։
-Դիմել ենք ողջ հանրապետական կուսակցությանը։ Նրանք ոչ մեկի հետ այդ հարցը չեն քննարկել, ուստի հարկավոր է ներկայացնել բոլոր հիմնավորումները։ Մենք կուզենայինք իմանալ, թե ինչո՞ւմ է թերացել Ազգային ժողովը, ակտիվությունն ինչո՞ւ չի բավարարել, քանի որ մենք միշտ խնդիր ենք ունեցել այն հարցում, որ տուփերով օրինագծեր են բերվել, և տուփերով քվեարկել են։
-Կարծում եք՝ Հովիկ Աբրահամյանը կարո՞ղ է ԱԺ-ի արդյունավետության բարձրացմանը նպաստել։
-ՈՒմ հետ չեմ աշխատել, չեմ կարող գնահատականներ հնչեցնել։ Այս պարագայում առավել կարևոր է հասկանալ, թե ինչո՞ւ էր անկում ապրում այդ արդյունավետությունը, և ինչպե՞ս կարող է նոր ընտրված նախագահն այն չեզոքացնել։ Երկրորդեմ՝ այսօր խնդիրն այս գործընթացը հասարակության համար պարզ, թափանցիկ դարձնելն է։ Յուրաքանչյուր իշխանություն կարող է բարոյազրկվել, իր լեգիտիմությունը կորցնել հաշված ամիսների ընթացքում։ Լեգիտիմությունն անընդհատ սպասարկվող երևույթ է։ Սա ենթադրում է, որ ամեն փոփոխություն պետք է հիմնավորված լինի։
-Հնարավո՞ր է, որ այս փոփոխությունը խորհրդարանի ճգնաժամի սկիզբ դառնա, ինչն էլ կհանգեցնի արտահերթ ընտրությունների։
-Կապրենք, կտեսնենք։ Բայց դժվար է պատկերացնել, որ կբերեն ԱԺ նախագահ, որը կոչված է լուծարելու խորհրդարանը, այսինքն՝ կտրելու ճյուղը, որի վրա նստած է։
«ԶԱՐՄԱՆԱԼԻ Է, ՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏԱԼԻՍ ՆԱԵՎ ԴԵՂՆԱԿՏՈՒՑ ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ»
ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱԽԱՆՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)
-Լուրեր են պտտվում, թե Տիգրան Թորոսյանի որոշումից հետո Դուք ևս ուզում եք հեռանալ կուսակցությունից։
-Ոչ, այդ լուրերը հերքում եմ։ Ես ոչ միայն այդ կուսակցության, այլև դրա մայր կուսակցության՝ ԱՄԿ-ի ակունքներում եմ կանգնած եղել։ Մի ամբողջ կյանք նվիրել եմ ազգին, հայրենիքին, պետությանը ու և՛ տառապանքներ, և՛ զրկանքներ եմ կրել։ ՈՒստի չեմ պատրաստվում դուրս գալ կուսակցությունից։
-«Հնաբնակ» էր նաև Տիգրան Թորոսյանը։
-Ես ցավում եմ, որ նա այդպես վարվեց։
-Թորոսյանն իր այդ քայլը նաև կուսակցական ներքին տարաձայնությամբ պայմանավորեց։ ՀՀԿ-ում կա՞ն տարաձայնություններ։
-Կուսակցություններում միշտ էլ լինում են տարակարծություններ, ինչը պայմանավորված է կուսակցականների տարբեր մտածելակերպով։ Այնուամենայնիվ, ես հեռու եմ այն մտքից, թե Թորոսյանին այս հարցում պետք է խորհուրդ տամ։ Շատ շատերն են այսօր այդպես վարվում, ու զարմանալի է, որ նրանց մեջ են նաև երեկվա դեղնակտուց հանրապետականները։ Տիգրան Թորոսյանի հետ առանձնազրույց եմ ունեցել ու այն, ինչ հիմա ասում եմ, ասել եմ նաև նրան։ Կուսակցությունը մի մարդ չէ, այլ հավաքական միտք, գաղափար։
-Ինչո՞ւ, ի տարբերություն «դեղնակտուցների», հին հանրապետականներին կուսակցությունն ըստ արժանվույն չի գնահատում։
-Բոլոր ասպարեզներում, այդ թվում՝ կուսակցությունում, գոյություն ունի հիերարխիա, որի գլխին ճարտարապետն է կանգնած։ Վերջինս էլ որոշում է, թե տվյալ դեպքում շինարարն ինչպես պետք է վարվի։
-Ճարտարապետը երբեք չի՞ սխալվում։
-Իհարկե, սխալվում է։ Հզորները, մեծերը ևս սայթաքումներ ունեցել են։ Ես դեռևս չեմ ուզում այսօրվա իրողությանը գնահատականներ տալ, քանի որ ինձ համար ևս շատ բաներ անհայտ են։ Թորոսյանի աննպատակահարմարության հարցը որոշակի հիմնավորումներ ուներ։ Ոչ թե կուսակցությունը դժգոհ է նրա աշխատանքից, այլ այդ աշխատանքը բավարար չի համարվում։
-Իսկ Հովիկ Աբրահամյանի աշխատանքը, կարծում եք, բավարա՞ր կլինի։
-Չեմ կարող ասել, ժամանակը ցույց կտա։
-Երբևէ հնարավո՞ր է, որ Դուք էլ հետևեք Թորոսյանի օրինակին։
-Ոչ։ Ես կնախընտրեմ կուսակցությունից ինձ հեռացնեն, քան դիմում գրեմ ու դուրս գամ։
Ճեպազրույցները՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4491

Մեկնաբանություններ